Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Կոլոռեկտալ քաղցկեղ. սքրինինգ. oncology.am

Կոլոռեկտալ քաղցկեղ. սքրինինգ. oncology.am

Քաղցկեղի հայտնաբերման նպատակով սքրինինգն իրականացվում է մինչև նախանշանների և ախտանիշների ի հայտ գալը: Գիտնականները մշակել և շարունակում են մշակել այն հետազոտությունները, որոնք կարող են կիրառվել քաղցկեղի հատուկ տեսակների սքրինինգի նպատակով` նախքան հիվանդության զարգացումը:

Քաղցկեղի սքրինինգի ընդհանուր նպատակներն են.

  • նվազեցնել մահացող մարդկանց թիվը կամ վերացնել քաղցկեղից մահացությունն ընդհանրապես,
  • նվազեցնել հիվանդությամբ տառապողների քանակը:


Սքրինինգային տեղեկատվություն կոլոռեկտալ քաղցկեղի համար

 

Կոլոռեկտալ քաղցկեղը հնարավոր է կանխարգելել կանոնավոր սքրինինգների միջոցով, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել պոլիպները` նախքան քաղցկեղի վերածվելը: Հարկ է բժշկից պարզել. երբ դիմել սքրինինգի` հիմնվելով տարիքի և հիվանդության ընտանեկան անամնեզի վրա: Թեև որոշ մարդկանց հարկ է սքրինինգի դիմել ավելի վաղ, սովորաբար, միջին ռիսկով անձինք սքրինինգը պետք է սկսեն 50 տարեկանից: Թուխ մաշկ ունեցողները սքրինինգը պետք է սկսեն 45 տարեկանից, քանի որ նրանց մոտ ուռուցքն առավել հաճախ զարգանում է երիտասարդ տարիքում: Քանի որ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում մինչև հիվանդության զարգացումը ախտանիշներ առանձնապես ի հայտ չեն գալիս, հարկ է բժշկից պարզել, թե որքան հաճախ է պետք իրականացնել յուրաքանչյուր հետազոտությունը, և հետազոտության որ մեթոդն ինչ առավելություններ ու բացասական կողմեր ունի:

Ուղեցույցի համաձայն, անհրաժեշտ է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգն իրականացնել ավելի վաղ և/կամ ավելի հաճախ. եթե առկա է կոլոռեկտալ քաղցկեղի հետևյալ ռիսկի գործոններից որևէ մեկը:

Անամնեզում` կոլոռեկտալ քաղցկեղ կամ ադենոմատոզ պոլիպներ:

Կոլոռեկտալ քաղցկեղի կամ պոլիպների արտահայտված ընտանեկան պատմություն, ինչպիսիք են քաղցկեղի կամ պոլիպների առկայությունն առաջին աստիճանի ազգականի մոտ` մինչև 60 տարեկան կամ, 2 առաջին աստիճանի ազգականների մոտ` ցանկացած տարիքում (առաջին աստիճանի ազգական համարվում է  ծնողը, երեխան, քույրը կամ եղբայրը):

Աղիների քրոնիկական բորբոքային հիվանդությոնների անհատական պատմություն:

Որևէ ժառանգական կոլոռեկտալ քաղցկեղի համախտանիշի ընտանեկան պատմություն, ինչպիսիք են ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը. Լինչի համախտանիշը կամ այլ համախտանիշներ:

Ստորև ներկայացված են կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի ժամանակ կիրառվող հետազոտությունները.

Կոլոնոսկոպիա: Կոլոնոսկոպիան բժշկին թույլ է տալիս դիտել ուղիղ և հաստ աղիները` ներսից, որի ընթացքում հիվանդը  գտնվում է սեդացիայի ազդեցության տակ: Ճկուն, լուսավորված խողովակը` կոլոնոսկոպը, տեղադրվում է ուղիղ և հաստ աղիների մեջ՝ փնտրելով պոլիպներ կամ քաղցկեղ: Այս գործողության ընթացքում բժիշկը կարող է հեռացնել պոլիպները կամ հետազոտության համար վերցնել այլ հյուսվածքներ: Հեռացված պոլիպները նույնպես կարող են կանխարգելել կոլոռեկտալ քաղցկեղը:

Համակարգչային տոմոֆրաֆիա (CT կամ CAT) կոլոնոգրաֆիա: ՀՏ կոլոնոգրաֆիան կամ վիրտուալ կոլոնոսկոպիան սքրինինգային եղանակ է: ՀՏ կոլոնոգրաֆիան այլընտրանք է այն անձանց համար, ովքեր` անզգայացման ռիսկով պայմանավորված, չեն կարող անցնել կոլոնոսկոպիա կամ, եթե հիվանդի աղիքում կա լիարժեք հետազոտության իրականացմանը  խոչընդոտող արգելք:

Սիգմոիդոսկոպիա: Սիգմոիդոսկոպիայի ժամանակ կիրառվում է ճկուն, լուսավորված խողովակ, որը տեղադրվում է ուղիղ աղու և հաստ աղու ստորին հատվածում՝ պոլիպներ, քաղցկեղ կամ այլ շեղումներ հայտնաբերելու նպատակով: Այս միջամտության ժամանակ բժիշկը կարող է հեռացնել պոլիպները կամ վերցնել այլ հյուսվածքներ` ավելի ուշ հետազոտելու համար: Այս հետազոտությամբ բժիշկը չի կարող ստուգել հաստ աղու վերին հատվածը, վերել և լայնական հաստ աղին: Այս սքրինինգային հետազոտությունը հնարավորություն է տալիս հեռացնել պոլիպները, որը նույնպես կարող է կանխարգելել կոլոռեկտալ քաղցկեղը: Սակայն, եթե վերոնշյալ հետազոտության ընթացքում հայտնաբերվում են պոլիպներ կամ քաղցկեղ, ապա խորհուրդ է տրվում իրականացնել կոլոնոսկոպիա՝ ամբողջ հաստ աղին դիտելու նպատակով:

Կղանքի հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ, կղանքի իմունաքիմիական թեստ (ԿԻԹ). կիրառվում են կղանքի կամ արտաթորանքի մեջ արյան հայտնաբերման նպատակով, որը կարող է պոլիպի կամ քաղցկեղի նշան լինել: Դրական թեստը նշանակում է, որ կղանքի մեջ արյուն է հայտնաբերվել, որի առկայությունը հաստ աղու պոլիպից և քաղցկեղից զատ հնարավոր է այլ պատճառներով պայմանավորված լինել  (ստամոքսից կամ ստամոքսաղիքային ուղու վերին հատվածներից արյունահոսություն, նույնիսկ` կիսահում մսի կամ այլ սննդի ընդունում): Տարբերում են թեստի երկու տեսակ՝ գվայակային (կղանքի հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ) և իմունաքիմիական (ԿԻԹ): Պոլիպները և քաղցկեղը շարունակաբար չեն արյունահոսում, այդ պատճառով կղանքի հետազոտությունը թաքնված արյան նկատմամբ պետք է իրականացնել կղանքի բազմաթիվ նմուշներում` կրկնելով յուրաքանչյուր տարի:

Կրկնակի բարիումի կոնտրաստով հոգնա:  Եթե պացիենտին կոլոնոսկոպիան հակացուցված է, իրականացվում է հաստ աղու և ուղիղ աղու ռենտգեն հետազոտություն` բարիումով հոգնա կատարելուց հետո, որպեսզի հաստ և ուղիղ աղիները ռենտգեն ճառագայթների համար առավել տեսանելի լինեն: Սովորաբար բժիշկների մեծ մասը խորհուրդ է տալիս այլ սքրինինգային հետազոտություններ իրականացնել (կոլոնոսկոպիա, սիգմոիդոսկոպիա, ՀՏ կոլոնոգրաֆիա), քանի քիչ հավանական է, որ բարիումով հոգնան կհայտնաբերի նախաքաղցկեղային պոլիպներ:

Կղանքի մեջ քաղցկեղային բջիջների ԴՆԹ հայտնաբերման թեստեր: Այս թեստի օգնությամբ կղանքի նմուշում ԴՆԹ վերլուծությամբ հայտնաբերվում է քաղցկեղը: Պոլիպի և քաղցկեղի ժամանակ տեղի ունեցող ԴՆԹ փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է իրականացնել կոլոնոսկոպիա:

 

Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի իրականացման ուղեցույցները

Տարբեր կազմակերպություններ ունեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի իրականացման տարբեր ուղեցույցներ: Ստորև նկարագրված են ուղեցույցների երկու սահմանում: Խոսեք Ձեր բժշկի հետ` պարզելու Ձեզ համար լավագույն հետազոտություն(ներ)ը և հետազոտությունների միջև ժամանակահատվածը՝ հիմնվելով Ձեր առողջական պատմության և կոլոռեկտալ քաղցկեղի անհատական ռիսկի վրա:

Ամերիկյան գաստրոէնտերոլոգիական ասոցիացիան, Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան քոլեջը, Ստամոքսաղիքային էնդոսկոպիայի ամերիկյան միությունը, Քաղցկեղի ամերիկյան միությունը և Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջը  մշակել են կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համաձայնեցված ուղեցույցներ, որոնց նպատակը քաղցկեղի կանխարգելումն է: 50 տարեկանն անց միջին ռիսկ ունեցող տղամարդիկ և կանայք պետք է հետևեն հետազոտությունների հետևյալ ժամանակացույցերից որևէ մեկին, որոնք հայտնաբերում են ինչպես պոլիպները, այնպես էլ` քաղցկեղը.

  • ճկուն սիգմոիդոսկոպիա. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ,
  • կոլոնոսկոպիա. յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ,
  • բարիումի կոնտրաստով հոգնա. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ,
  • ՀՏ կոլոնոգրաֆիա. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:


Ստորև ներկայացված թեստերը նախատեսված են հիմնականում ախտորոշելու քաղցկեղը.

  • գվայակային կղանքի հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ. յուրաքանչյուր տարի,
  • կղանքի իմունաքիմիական հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ. յուրաքանչյուր տարի
  • կղանքի ԴՆԹ թեստ, այնքան հաճախ, որքան խորհուրդ կտա բժիշկը:


USPSTF (ԱՄՆ կանխարգելիչ ծառայությունների օպերատիվ խումբը) նույնպես ունի կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի ուղեցույցներ, որոնք որևէ հատուկ սքրինինգային եղանակ խորհուրդ չեն տալիս: Փոխարենը, USPSTF-ն պարզապես 50-75 տ մարդկանց խորհուրդ է տալիս կանոնավոր սքրինինգի ենթարկվել:

Ըստ USPSTF-ի, 76-85 տարեկան անձինք պետք է բժշկի հետ խորհրդակցեն՝ պարզելու, թե սքրինինգը որքանով է ճիշտ իրենց համար: Այնուամենայնիվ, անամնեզում պոլիպներ կամ կոլոռեկտալ քաղցկեղ ունեցող մարդիկ ունեն հիվանդանալու բարձր ռիսկ, և սքրինինգը կարող է ծեր հասակում դեռևս ցուցված լինել:

Կարևոր է նշել, որ անկախ սքրինինգային հետազոտությունից և ժամանակացույցից, եթե հետազոտությունը  շեղում է հայտնաբերում, պետք է իրականացվի կոլոնոսկոպիա:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ